ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ

Նորայր Գյոզալյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 4

Ռումյան Հովսեփյան

best_player best_player
Տարիք 25
Գոլ 2

VivaroNews-ը «Բանանցի» սան Գոռ Լուլուկյանի մասին

Հայկական ֆուտբոլի ներկայի և ապագայի վերաբերյալ կարծիքները միանշանակ չեն. երկրպագուների մի մասն այդ առումով դրական ոչինչ չի տեսնում, իսկ մյուս մասն էլ վստահ է, որ Հայաստանում աճում է տաղանդավոր ֆուտբոլիստների սերունդ, որն ունակ է բարձրացնելու մարզաձևի վարկանիշը Հայաստանում: Ֆուտբոլային Հայաստանի այսօրվա գլխավոր պարծանքը Հենրիխ Մխիթարյանն է, բայց մենք մտադիր ենք համոզել, որ ապագային լավատեսությամբ նայելու և ապագայում նոր պարծանքներ ունենալու նախադրյալներ, իրոք, կան

VivaroNews.am-ը կարճատև դադարից հետո շարունակում է իր շարքը, որում ներկայացվում են Հայաստանում գործող ակումբների ամենատաղանդավոր և հեռանկարային ֆուտբոլիստները: Նրանք արդեն պատանեկան տարիքում առանձնանում են իրենց վարպետությամբ ու գրանցած ցուցանիշներով և ստիպում նրանց մեջ տեսնել Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակների ապագա կերտողներին

Ներկայացնում ենք մեր հերթական հերոսին՝

Գոռ Լուլուկյան

14 տարեկան, հանդես է գալիս «Բանանցի»՝ 2003թ. ծնված ֆուտբոլիստների թիմում

ԽԱՂԱՅԻՆ ԴԻՐՔԸ՝ հարձակվողական ոճի կիսապաշտպան

ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ՝ Հայաստանի Մ-14 տարիքային առաջնության չեմպիոն, Մ-13 առաջնության փոխչեմպիոն, Մ-11 և Մ-12 առաջնությունների երրորդ մրցանակակիր («Բանանցի» կազմում)

Ներկայացնելով այս շարքը՝ ամեն անգամ համոզվում ենք, որ մեր ֆուտբոլում դեռ ոչինչ կորած չէ: Եվ ամենակարևորն այն է, որ մեր պատանի ֆուտբոլիստները շատ լավ են պատկերացնում իրենց զարգացման ճանապարհը, գիտակցում են, որ միայն քրտնաջան աշխատանքը կարող է օգնել հասնելու մեծ հաջողությունների: Մեր այսօրվա հերոսը՝ Գոռ Լուլուկյանը, կարող է օրինակ լինել ոչ միայն իր հասակակիցների, այլև պրոֆեսիոնալ շատ ֆուտբոլիստների համար: Ֆուտբոլային որակներից զատ՝ նա ունի գրագիտություն, խոսքի կուլտուրա, ինչը միանգամից համակրանք է առաջացնում նրա նկատմամբ: Պատանի ֆուտբոլիստը նշում է. «Մարզիչներն այստեղ հետևում են դպրոցում մեր առաջադիմությանը: Վատ առաջադիմության դեպքում նկատողություն ենք ստանում, ուստի բոլորս էլ դասերին մեծ ուշադրություն ենք դարձնում»:

«Հրավեր ստացա հավաքականից, բայց մեկ օր անց կոտրեցի ձեռքս»

Կարելի է ասել, Գոռն իր ծնողներին «ստիպել» է իրեն ֆուտբոլի տանել: Նրա օրն ամբողջությամբ պտտվում էր ֆուտբոլի շուրջը, իսկ բակում գնդակ գլորելը դարձել էր ամենահաճելի զբաղմունքը. «Անընդհատ բակում էի: Շատ ժամանակ էի տրամադրում ֆուտբոլին: Ծնողներս դա նկատեցին և ինձ բերեցին «Բանանց», քանի որ ընկերս էլ այստեղ էր մարզվում: Գիտեի, որ Հայաստանում ամենալավ պայմաններն ունի «Բանանցը»: Ակումբ եկա 2013թ., երբ 10 տարեկանս պետք է նոր լրանար: Մասնակցեցի ընդունելության և այդպես էլ մնացի այստեղ»:

Գոռի մոտ ֆուտբոլի հանդեպ տենչն առաջացրել է «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Լիոնել Մեսին. «Մեսիի խաղերը նայելով՝ ոգեշնչվեցի և ցանկացա նմանվել նրան, թեև ես ձախլիկ չեմ: Նրա խաղում ինձ գրավում է նրբագեղությունը, գնդակի հետ վարվելու ձևը, ամեն ինչը… Մեսին ուղղակի անթերի է կառավարում գնդակը: Նա հենց առաջին հայացքից տպավորեց ինձ»:

Գոռ Լուլուկյանն այս պահին ապաքինվում է ձեռքի կոտրվածքից: Ցավալին այն է, որ նա վնասվածք ստանալու նախորդ օրը հրավիրվել էր միանալու Հայաստանի Մ-16 հավաքականին. «Խոսեցի հավաքականի մարզչի հետ, և նա ասաց, որ ապաքինվելուց հետո ինձ կրկին կհրավիրի»:

«Ինձ շատ են համեմատում Չավիի հետ»

Լրագրողի համար գրագետ զրուցակից ունենալը երևի ամենաերանելի երևույթն է աշխարհում: Գոռը շատ ըմբռնելի էր դասավորում իր մտքերը, այնպես, որ նրան ցանկանում էիր միայն լսել և չխանգարել՝ ուղղելով հարցեր: Պատանի ֆուտբոլիստը մեծ ուշադրություն է դարձնում ուսմանը և ունի նաև սիրելի առարկա. «Սովորում եմ 9-րդ դասարանում: Գրաֆիկս այնպես է, որ չեմ հասցնում շատ ժամանակ տրամադրել դասերին, բայց աշխատում եմ հնարավորին չափով հասցնել: Ունեցել եմ գերազանց առաջադիմություն: Սիրելի առարկան մաթեմատիկան է: Այդ հաշվարկները նմանվում են ֆուտբոլային հաշվարկներին: Ֆուտբոլում էլ դա պետք է գալիս. երբ նեղ ու խիտ իրավիճակում ես և մտածելու քիչ ժամանակ կա, պետք է արագ կողմնորոշվես, այդտեղ այդ գիտելիքներն օգնում են»:

Գոռը նաև առանձնացնում է, թե որոնք են հարձակվողական ոճի կիսապաշտպանի ամենակարևոր որակները. «Ամենակարևորը ճշգրիտ փոխանցումներն են: Կարևոր է նաև խաղն իր վրա վերցնելը, որպեսզի թիմի՝ նեղ իրավիճակում լինելու ժամանակ մեկ գործողությամբ վճռի հանդիպման ելքը: Պետք է կարողանա նաև ժամանակին օգնության հասնել պաշտպաններին, փակել մրցակցին և խլել գնդակը»:

14-ամյա ֆուտբոլիստն իր խաղային դիրքի ֆուտբոլիստներից ամենաշատը սովորում է Չավի Էրնանդեսից. «Ինձ շատ են համեմատում Չավիի հետ: Իսկ «Բանանցից» կառանձնացնեմ Արամ Լոռեցյանին: Ինձ նմանեցնում եմ նրա հետ: Երկուսս էլ կարճահասակ ենք, օժտված ենք լավ փոխանցումներով և ճշգրիտ հարվածներով: Օրինակ եմ վերցնում նրանից: Արամը կրեատիվ ֆուտբոլիստ է և կայացնում է շատ անսպասելի որոշումներ: Մրցակիցը դրանից հետո հաճախ գոլ է բաց թողնում կամ ինչ-որ սխալ կատարում»:

«Լավ գնահատականներ չստացող երեխան զրկվում էր պարապմունքից»

Գոռ Լուլուկյանին բնութագրելու համար դիմեցինք «Բանանցի»՝ 2003թ. ծնված ֆուտբոլիստների թիմի գլխավոր մարզիչ Կարեն Առաքելյանին. «Գոռը մեր ամենալավ ֆուտբոլիստներից մեկն է: Տեխնիկապես ուժեղ է, ընդունակ և կարգապահ: Դրանք ամենակարևոր որակներն են: Նա մի փոքր դանդաղ է, բայց տեխնիկան շատ լավն է, խաղադաշտը հիանալի է տեսնում: Ես նրան նմանեցնում եմ Չավիին: Վերջինս էլ արագաշարժ չէ, բայց համարվում է թիմի «ուղեղը»: Գոռը խելացի տղա է»:

Ինչպես Գոռն էր ասել, մարզիչներն առանձնահատուկ ուշադրություն են դարձնում պատանիների՝ դպրոցում ունեցած առաջադիմությանը. «Ես 1-2 տարի առաջ բոլորի օրագրերը ստուգում էի: Այն երեխան, որ լավ գնահատականներ չէր ստանում, զրկվում էր պարապմունքից: Հիմա իմ թիմում 6-7 ֆուտբոլիստ գերազանց առաջադիմություն ունեն, մնացածն էլ լավ են սովորում: Ես դրան մեծ ուշադրություն եմ դարձնում, որովհետև լավ սովորելու դեպքում երեխաները ֆուտբոլում էլ ամեն ինչ արագ են ընկալում»:

«Մեր մարզիչները և՛ գովաբանում են, և՛ քննադատում»

«Բանանցի» ենթակառուցվածքները տպավորիչ են, դրա մասին բոլորը գիտեն: Սակայն Գոռը, դրանից զատ, ուշադրություն է հրավիրում նաև այլ հանգամանքի վրա. «Մենք շատ լավ մարզիչներ ունենք: Նրանք իսկական մանկավարժներ են, մեզ աջակցում են թե՛ խաղադաշտում, թե՛ դրա սահմաններից դուրս: Օգնում են խորհուրդներով: Դաշտում էլ և՛ գովաբանում են, և՛ քննադատում, քանի որ միայն գովելով առաջ չես գնա, իսկ հակառակ դեպքում էլ կհիասթափվես: Նրանք գիտեն ճիշտ ձևը և այնպես են անում, որ ոչ ոք չկոտրվի»:

Գոռը նաև կարծիք է հայտնում, թե ինչը կնպաստի հայկական ֆուտբոլի զարգացմանը. «Թիմերի քանակը Բարձրագույն խմբում պետք է շատանա, քանի որ 6-թիմանոց առաջնությունն այդքան էլ մրցունակ չէ: Լավ կլինի, որ «Լոռին» և «Արցախը» հաջորդ տարի մասնակցեն Բարձրագույն խմբին: Նրանք կուժեղացնեն առաջնությունը: Ինչքան շատ թիմ լինի, այնքան կմեծանա մրցակցությունը, և թիմերն էլ կուժեղանան»:

ԲԼԻՑ ՀԱՐՑԵՐ

Սիրելի ֆուտբոլիստը՝ Լիոնել Մեսի

Սիրելի եվրոպական ակումբը՝ «Բարսելոնա»

Հայազգի ամենասիրելի 3 ֆուտբոլիստները՝ Հենրիխ Մխիթարյան, Գևորգ Ղազարյան, Տիգրան Բարսեղյան

«Բանանցում» ամենասիրելի 3 ֆուտբոլիստները՝ Արամ Լոռեցյան, Ալեքսանդր Ջոկովիչ, Արամ Հայրապետյան

Մարզադաշտ, որտեղ երազում եմ գոլ խփել՝ «Կամպ Նոու» («Բարսելոնայի» կազմում)

Սիրելի ուտեստը՝ տոլմա

Սիրելի հեռուստահաղորդումը՝ «Դոմինո»

Սիրելի երաժշտական ոճը՝ ռուսական ռեպ

Ցանկանում եմ մեծ ֆուտբոլիստ դառնալ, որովհետև… դա կյանքիս գլխավոր նպատակն է:

Հ. Գ. Շարունակե՛ք հետևել մեր շարքին: Միգուցե մի օր հպարտանաք, որ առաջինն եք ճանաչել ներկայացված ֆուտբոլիստներին:

Շնորհակալություն «Բանանց ՖԱ»-ի մամուլի քարտուղարությանը մեծ աջակցության համար:

Լուսանկարները՝ «Բանանց ՖԱ»-ի