ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ

Նենադ Ինյաց

best_player best_player
Տարիք 31
Գոլ 2

Վահագն Այվազյան

best_player
Տարիք 24
Գոլ 1

Ո՞ր թիմը կհաղթի առաջին տուրի Բանանց - Փյունիկ խաղում:

Նոր Մխիթարյաններ փնտրելու ճանապարհին. Կարեն Նալբանդյան 

IMG_3777 (1)_Easy-Resize.com

Vivaro News

Հայկական ֆուտբոլի ներկայի և ապագայի վերաբերյալ կարծիքները միանշանակ չեն. երկրպագուների մի մասն այդ առումով դրական ոչինչ չի տեսնում, իսկ մյուս մասն էլ վստահ է, որ Հայաստանում աճում է տաղանդավոր ֆուտբոլիստների սերունդ, որն ունակ է բարձրացնելու մարզաձևի վարկանիշը Հայաստանում: Ֆուտբոլային Հայաստանի այսօրվա գլխավոր պարծանքը Հենրիխ Մխիթարյանն է, բայց մենք մտադիր ենք համոզել, որ ապագային լավատեսությամբ նայելու և ապագայում նոր պարծանքներ ունենալու նախադրյալներ, իրոք, կան: 

VivaroNews.am-ը սկսում է նոր շարք, որում ներկայացվելու են Հայաստանում գործող ակումբների ամենատաղանդավոր և հեռանկարային ֆուտբոլիստները: Նրանք արդեն պատանեկան տարիքում առանձնանում են իրենց վարպետությամբ ու գրանցած ցուցանիշներով և ստիպում նրանց մեջ տեսնել Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակների ապագա կերտողներին: 

Ներկայացնում ենք մեր առաջին հերոսին՝

ԿԱՐԵՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Հանդես է գալիս «Բանանցի» Մ-15 թիմում (2002թ. ծնված ֆուտբոլիստներ)
ԽԱՂԱՅԻՆ ԴԻՐՔԸ՝ առաջ քաշված կիսապաշտպան, ենթահարձակվող
ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ՝ Հայաստանի չեմպիոն իր տարիքային խմբում (2013, 2014, 2015, 2016), Հայաստանի լավագույն կիսապաշտպան իր տարիքային խմբում (2012, 2013/14, 2014/15)

Կարենի հետ հանդիպումը կայացավ իր թիմի մարզումից անմիջապես հետո: Գրեթե ուժասպառ էր, քանի որ քրտնաջան մարզում էր անցկացրել: Միասին անցկացրած ընդամենը մի քանի րոպեն բավարար էր՝ հասկանալու համար, որ գործ ունենք շատ լռակյաց և համեստ մի պատանու հետ, ով պարզապես սիրում է ֆուտբոլ խաղալ և օգնել իր թիմին, այլ ոչ թե՝ խոսել անձնական նվաճումների մասին:

Կարենը Հայաստանի Մ-15 առաջնության Ա ենթախմբի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուներից մեկն է՝ խփած 10 գոլով, և հետաքրքիր էր իմանալ, թե ինչպե՞ս է հաջողվում այդքան գնդակներ հեղինակել, երբ չես գործում հարձակվողի դիրքում. «Առաջնության սկզբում չէի էլ պատկերացնում, որ այսքան գոլ կխփեմ: Բայց ինձ համար կարևորն այն է, որ թիմս ընթանում է առաջին տեղում, և առաջնայինը թիմային շահերն են»,- համեստորեն և հասուն ֆուտբոլիստին վայել կերպով պատասխանեց Կարենը:

Ինչպե՞ս միացավ «Բանանցին» 

Մինչ 6 տարեկան հասակում «Բանանցի» մարզադպրոց հաճախելը՝ նա մարզաձևի հանդեպ իր կիրքը ցուցադրում էր բակում՝ այնտեղ անցկացնելով օրվա մեծ մասը: Ծնողներն էլ չընդդիմացան որդու՝ ֆուտբոլով զբաղվելու ցանկությանը. «Բակում շատ-շատ էի ֆուտբոլ խաղում, հեռուստացույցով մեծ քանակությամբ հանդիպումների էի հետևում: Ընտանիքիս բոլոր անդամներն էլ սիրում էին ֆուտբոլ, ուստի խնդիրներ չեղան»:

Կարենի համար «Բանանցի» մարզադպրոցն այսօր դարձել է ամենահարազատ և սիրելի վայրերից մեկը, իսկ ինչպե՞ս ստացվեց, որ նա ֆուտբոլում իր առաջին քայլերը սկսեց հենց այնտեղ. «Ընտանիքիս բարեկամներից մեկն առաջարկեց գալ հենց «Բանանց»: Նախ մարզվում էի Սամվել Ադամյանի գլխավորությամբ, ապա միացա Վահե Գևորգյանի ղեկավարած թիմին: «Բանանցում» ամեն ինչ հրաշալի է: Գեթ մեկ վայրկյան չեմ փոշմանել, որ հայտնվել եմ հենց այստեղ»:

«Ուսումը շատ կարևոր է լավ ֆուտբոլիստ դառնալու համար»

Օրինակները շատ են, երբ պատանիները, զբաղվելով ֆուտբոլով, բավարար ուշադրություն չեն դարձնում ուսմանը և ապագայում նույնիսկ մեծ ֆուտբոլ մուտք գործելու դեպքում աչքի չեն ընկնում բանիմացությամբ և գրագետ խոսելաոճով: Կարենի բառընտրությունից արդեն կարելի էր հասկանալ, որ նա մեծ ուշադրություն է դարձնում ուսմանը և գիտակցում դրա կարևորությունը. «Դպրոցում շուտով կփոխադրվեմ 10-րդ դասարան: Շատ մեծ ուշադրություն եմ դարձնում ուսմանը, որովհետև լավ ֆուտբոլիստ դառնալու համար այդ գործոնը շատ կարևոր է»:

Իսկ որո՞նք են հեռանկարային ֆուտբոլիստի սիրելի առարկաները կրթօջախում. «Առավել մեծ հաճույքով եմ ներկա լինում Հայոց պատմության և Հայ գրականության դասերին: Ուսուցիչներս շատ սիրալիր են իմ նկատմամբ: Միշտ ասում են. «Ցանկանում ենք, որ լավ ֆուտբոլիստ դառնաս»: Նրանք ոգևորում են ինձ, «դուխ» են տալիս, և դա շատ հաճելի է»:

IMG_3784

Ֆուտբոլիստներ, որոնցից սովորում եմ…

Անցյալի և ներկայիս աստղային բոլոր ֆուտբոլիստներն էլ վաղ թե ուշ խոստովանում են, որ պատանեկան տարիքում ունեցել են կուռքեր, որոնց ելույթներին մշտապես հետևել են և նույնիսկ՝ ցանկացել նմանակել: Կարենը նույնպես սովորում է իր մարզաձևում մեծ հաջողությունների հասած անձանցից. «Շատ ֆուտբոլիստների եմ հետևում և փորձում նրանցից նոր բաներ քաղել ինձ համար: Կառանձնացնեմ Ֆելիպե Կոուտինյոյին և Լուկա Մոդրիչին. հաճախ եմ դիտում նրանց մասնակցությամբ խաղերն ու ցանկանում նմանվել: Իսկ սիրածս ակումբը «Ռեալ Մադրիդն» է. նրանց ցուցադրած ֆուտբոլն ինձ շատ է դուր գալիս»:

«Կարենն իսկական ֆուտբոլային մտածելակերպ ունի»

Ո՞վ կարող է ավելի լավ նկարագրել Կարենին, քան նրա գլխավոր մարզիչը՝ «Բանանցի» Մ-15 թիմը ղեկավարող Արթուր Ղասաբօղլյանը. «Կարեն Նալբանդյանը մեր թիմի առանցքային խաղացողներից մեկն է: Տեխնիկապես շատ լավ է պատրաստված: Խաղալով կիսապաշտպանությունում՝ նա այս առաջնությունում արդեն 10 գոլ է խփել, ինչը գերազանց արդյունք է: Կարենն իսկական ֆուտբոլային բնավորություն ու մտածելակերպ ունի: Իսկ թե ապագայում կդառնա արդյոք պրոֆեսիոնալ, դա իրենից է կախված»:

Մասնագետի համար շատ կարևոր է, որ իր սանը երբեք չի կենտրոնանում անձնական նպատակների վրա, այլ որպես առաջնահերթություն համարում է թիմային հաջողությունը. «Այդ որակը ես շատ եմ գնահատում: Այդուհանդերձ, եկեք չմոռանանք, որ ֆուտբոլիստների անհատական գործողությունները նույնպես պակաս կարևոր չեն: Ինչքան էլ թիմը լավ խաղա, նրան պետք են անհատապես օժտված ֆուտբոլիստներ, ովքեր իրենց որակների հաշվին կվճռեն խաղերի ելքերը: Կարենի մոտ դա ստացվում է: «Բանանցի» մարզադպրոցում ստեղծված հարմարավետ պայմաններն էլ կօգնեն նրան աճելու որպես ֆուտբոլիստ»:

«Բոլորին կպատմեմ, որ ինձ համար ամեն ինչ սկսվել է «Բանանցում»»

«Բանանցի» մարզադպրոցը եթե ոչ լավագույնը, ապա լավագույններից մեկն է Հայաստանում: Նման պայմանների մասին կերազեին շատ երկրներում ապրող երեխաներ, և Կարեն Նալբանդյանը նույնպես երջանիկ է մարզվել բոլոր պայմաններով ապահոված մարզադպրոցում. «Սա լավագույն վայրն է Հայաստանում, որտեղ կարելի է ֆուտբոլով զբաղվել: Մեր խաղադաշտերը, հանդերձարանները… ամեն ինչ հիանալի է: Կառանձնացնեմ նաև մեր մարզիչներին. նրանք ոչ միայն լավ մասնագետներ են, այլև՝ իսկական մանկավարժներ, ովքեր հոգատար են իրենց սաների նկատմամբ: Տա Աստված՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնամ և բոլորին կպատմեմ, որ ինձ համար ամեն ինչ սկսվել է «Բանանցում»»:

IMG_3782

Կարենի ֆուտբոլային ճանապարհը բավականին սահուն է ընթանում: Նրա հաշվին արդեն գրանցված են թե՛ թիմային, թե՛ անհատական պարգևներ: Շատերը նրա փոխարեն գուցե գլխապտույտ ունենային, կամ կարծեին՝ գործն արդեն արված է, բայց Կարենի պատասխանն այս առումով, իրոք, սպառիչ է. «Միանշանակ ցանկանում եմ գնալ ֆուտբոլիստի ճանապարհով: Այլ մասնագիտության մասին չեմ մտածել ու այժմ էլ չեմ մտածում: Ամեն ինչ դեռ առջևում է»:

Կարենը ժպտաց և հեռացավ՝ վերջապես հանգստանալու հոգնեցուցիչ մարզումից հետո, իսկ մեր մտքերը շատ պարզ էին. համեստ մարդու և տաղանդավոր ֆուտբոլիստի համադրությունն արդյունք չտալ պարզապես չի կարող: