ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ

Ռումյան Հովսեփյան

best_player best_player
Տարիք 26
Գոլ 5

Նորայր Գյոզալյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 4

Հրաչ Աղաբեկյանի՝ տարին ամփոփող հարցազրույցը


Ֆուտբոլ պլյուս

«Բանանցի» նոր խաղադաշտերի բացումից հետո մենք ծավալուն զրույց ունեցանք երևանյան ակումբի գլխավոր տնօրեն Հրաչ Աղաբեկյանի հետ։ Երիտասարդ ղեկավարը խոսեց նորաբաց մարզադաշտի, ավարտվող տարում թիմի ելույթների, ակումբի քաղաքականության, ապագա անելիքների և շատ այլ բաների մասին․

ՀԻՄԱ ՄԵՆՔ ԼԻԱՐԺԵՔՈՐԵՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԲՈԼՈՐ ԹԻՄԵՐԻ ՄԱՐԶՈՒՄՆԵՐԸ

- «Բանանցում» նոր խաղադաշտ բացվեց։ Եթե չենք սխալվում նախկինում էլ այն կար, բայց խոտի բնական ծածկ ուներ, հիմա փոխվել է արհեստական։ Ի՞նչ կասեք այդ մասին, արհեստական խոտածածկն ավելի նպատակահարմա՞ր էր։՛
- Առհասարակ բնական խոտածածկով խաղադաշտն ընդհանուր առմամբ ավելի է նպաստում ֆուտբոլիստների զարգացմանը, որովհետև նման դաշտում խաղացողների բոլոր մկանները բնականոն կերպով են աշխատում։ Անկախ ամեն ինչից  բնականն ավելի լավ է, բայց մենք ունենք խնդիր մարզումային պրոցեսը լիարժեք ապահովելու համար։ «Բանանցի» մանկապատանեկան դպրոցում մարզվող երեխաների քանակը  բավականին շատ է, մենք բոլորի համար մարզումային պրոցեսը ձմռան ամիսներին ապահովել չենք կարող, քանի որ բնական խոտածածկով խաղադաշտերը ձմռանն ինչպես հայտնի է չեն օգտագործվում։ Նման պայմաններում, ունենալով արհեստական խոտածածկով երկու մեծ խաղադաշտ, մենք ապահովում ենք մեր տարիքային բոլոր թիմերի մարզումները լիարժեքորեն։ Առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՖՖ-ին նման արհեստական խոտածածկ տեղադրելու և մեզ անհատույց շահագործման հանձնելու համար, ինչն էլ կնպաստի, որպեսզի տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներ մատակարարվեն էլ ավելի շատ Բանանցի սաներ:

- Տարին ավարտեցիք երրորդ հորիզոնականով, գավաթի կիսաեզրափակչում եք, թիմի գլխավոր մարզիչն էլ նշել էր, որ տարվա նվազագույն խնդիրը կատարված է։ Դուք որպես ղեկավար ինչպե՞ս կամփոփեք տարին։
- Այդ տեսանկյունից ես միանշանակ համաձայն եմ գլխավոր մարզչի հետ, գավաթի խաղարկությունում մենք նպատակներ ունենք, հիմա հաջորդ փուլ ենք դուրս եկել, դա իհարկե գոհացնում է, բայց անկախ ամեն ինչից մեր խնդիրը բարձր հորիզոնականներ զբաղեցնելն է։ Ինձ թվում է, որ մի առաջնությունում, որտեղ 6 թիմ է մասնակցում երրորդ հորիզոնականն այդքան էլ բարձր տեղ չէ։ Մենք ձգտում ենք ավելիին, բայց ունենք նաև թիմ, որն ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ նոր ենք հավաքել։ Ընթացքում պետք է որ ավելի լավ լինի, խաղ առ խաղ պետք է ավելի լավ խաղան, եթե մեկ ամբողջական հավաք անցկացնեն ամբողջական կազմով, ապա արդյունքն իմ կարծիքով ավելի լավը կլինի։

- Ցուցադրած խաղի տեսանկյունից, «Բանանցը» վատ տպավորություն չէր թողնում, բայց օրինակ առաջնության առաջին շրջանում միշտ առաջինն էիք գնդակ բաց թողնում, հետո սկսում հերոսաբար հետ բերել կորցրածը։ Թիմի խաղը ձեզ բավարարո՞ւմ է։
- Խաղային տեսանկյունից արդեն երևում է, որ ինչ-որ խաղակցվածություն կա, ձեռագիր է նկատվում։ Չենք կարող ասել, որ ամեն ինչ իդեալական է և հենց այն է, որը պետք է մեզ, քանի որ միշտ առաջ գնալու տեղ կա։ Ներկա պահին ես բավարար եմ համարում այն, ինչն ունենք։ Առաջին թիմի խաղը քիչ թե շատ գոհացնում է, բայց նորից ասեմ, որ մեր նպատակներն ավելի մեծ են։

ՄԵԶ ԷԼ Է ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ ԱՅՆ, ՈՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ՔԻՉ ԽԱՂԱԺԱՄԱՆԱԿ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԹԻՄՈՒՄ

- Այս տարի էլ «Բանանցը» փոխեց իր քաղաքականությունը։ Սկզբում Արթուր Ոսկանյանն էր, նրա օրոք երիտասարդներն էին խաղում, հիմա տոն տվողը՝ լեգեոներներն են։ Ծրագրի փոփոխությունն ինչպե՞ս է ազդում թիմի վրա։
- Ունենալով նման դպրոց ցանկությունը մեծ էր, որ հնարավորություն տայինք մեր պատանիներին, ովքեր մինչ այդ հանդես էին գալիս առաջին խմբի առաջնությունում, բայց ինչպես բոլորդ էլ տեսաք «Բանանցն» այդ շրջանում ձախողվեց, անցկացրինք 13 հանդիպում և ոչ մի հաղթանակ չտոնեցինք։ Սա այդ ակումբը չէ, որ իրեն նման բաներ թույլ տա, դրա համար եղան փոփոխություններ։ Ցանկություն կար ներգրավել որոշ լեգեոներների, որոնք մեր կարծիքով որակապես շատ բարձր կլինեն ու կհամապատասխանեն բարձրագույն խմբի առաջնությանը, բայց միևնույն ժամանակ պետք է հնարավորություն տայինք նաև մեր երիտասարդներին, որպեսզի փոփոխությունները կտրուկ չլինեին նման իրավիճակից դուրս գալու համար, որ չտուժեն ո՛չ ֆուտբոլիստները, ո՛չ էլ ակումբը։ Որոշ ֆուտբոլիստներից հրաժարվեցինք, որոշներին փոխեցինք, բայց ընդհանուր առմամբ մենք փորձում ենք գտնել ոսկե միջինը, որպեսզի լինեն նաև մեր սաները, ովքեր տարիներ շարունակ մարզվել են այստեղ և հասել են առաջին թիմ, պետք է նաև լինեն որակյալ լեգեոներներ, որոնց քանակը տարիների ընթացքում մենք կկրճատենք, ունենալով համապատասխան սերունդ, որը կարող է օգնել մեզ բարձրագույն խմբում։ Խնդիրը դա է։ Ցանկությունը մեր երիտասարդներով խաղալու մեծ է, տարեց տարի պետք է մաքսիմալ համալրենք թիմը մեր սաներով:

- Ամեն դեպքում երիտասարդներին խաղալու հնարավորություն տալը ռիսկային է, նրանք անփորձ են, ոչ միշտ են կայուն ելույթներ ունենում և պարտություններն ամեն դեպքում պետք է որ սպասելի լինեն, գոնե սկզբնական շրջանում։ Երբ երիտասարդներով խաղալու փիլիսոփայությունն  ընտրեցիք, պարտվեցիք բոլոր խաղերում։ Ձեզ համար նման արդյունքներն անսպասելի՞ էին։
- Այո, անսպասելի էին։ Ես դա ասում եմ անկեղծությամբ։ Անկախ ամեն ինչից մենք նաև որոշ լեգեոներներ ունեինք՝ Վլատկո Դրոբարովը, Լայոնել Ադամսը, այնպես չէր որ միայն երիտասարդներով էինք խաղում։ Այդ տղաներն արդեն 1,5 տարի խաղացել էին «Բանանցում», այնպես չէր որ մենք կազմն ամբողջությամբ միայն առաջին խմբի ֆուտբոլիստներով էինք համալրել, կային նաև 8-9 փորձառու տեղացի տղաներ, ովքեր նախկինում էլ խաղացել էին մեզ մոտ, նրանցից շատերն էլ հենց «Բանանցի» սաներ էին: Նրանք կային նաև իսպանացի մասնագետների ժամանակ։ Այնպես չէր, որ թիմն ամբողջությամբ փոխվել էր, բայց մենք հնարավորություն տվեցինք մեծ քանակությամբ ֆուտբոլիստների։ Սպասելիքներն իհարկե մեծ չէին, բայց գոնե որոշ ակնկալիքներ կային, ուղղակի դրանք չարդարացան։ Հիմա ուղղվածությունը այդքան էլ շատ չենք փոխել, մենք միշտ հնարավորություն ենք տալու մեր երիտասարդներին, սակայն ներկա պահին ուզում ենք ինչ-որ բան ստանալ, որից հետո ավելի հեշտ կլինի երիտասարդներին պարբերաբար ներգրավելը։ Ինչ վերաբերում է առաջին խմբում հանդես եկող մեր ֆուտբոլիստներին, ապա ասեմ, որ երիտասարդական հավաքականներում հանդես եկողների մեծամասնությունը հենց «Բանանցից» են, կան նաև ֆուտբոլիստներ, ովքեր «Բանանցի» սան են եղել ու հիմա արդեն այլ ակումբներում են ելույթներ ունենում։ Այդ խնդիրը մեզ էլ է անհանգստանցում, որովհետև նրանք բարձրագույն խմբում խաղաժամանակ չեն ստանում։ Ներկա պահին հնարավոր է, որ նրանք դեռ այն ֆուտբոլիստները չեն, ովքեր կարդարացնեն իրենց բարձրագույն խմբում, սակայն ապագայում նրանք կարող են դառնալ այդ ֆուտբոլիստները։ Թող կարծիք չստեղծվի, թե «Բանանցը» դրան ուշադրություն չի դարձնում, նման ցանկություն չունի, ուղղակի ներկա պահին թիմում մրցակցություն կա, որը նրանք պետք է հաղթահարեն։ Երիտասարդների ի հայտ գալը պետք է լինի ոչ թե արհեստական կերպով, այլ բնական, այսինքն նրանք պետք է հաղթահարեն մրցակցությունը, որպեսզի տեղ զբաղեցնեն մեկնարկային կազմում։ Ինչ վերաբերում է այդ ֆուտբոլիստներին, մենք պատրաստ ենք վարձավճարով տրամադրել բարձրագույն խմբում հանդես եկող ակումբներին, այն ֆուտբոլիստներին, որոնք խաղային պրակտիկա չունեն կամ քիչ խաղաժամանակ են ստանում, որպեսզի նրանք խաղային պրակտիկա ստանան, բայց քանի որ ակումբները քիչ են, ոչ բոլոր թիմերն են ցանկանում վարձավճարով վերցնել, շատերը ցանկանում են իևենց տեսնել ազատ կարգավիճակում,այդ իսկ պատճառով այս տարբերակը միշտ չէ, որ ստացվում է։ Մեր նպատակը այն է, որ նրանք խաղային պրակտիկա ունենան և դա անում ենք առանց որևէ ակնկալիքի։ Տարիներ շարունակ մենք այդ ֆուտբոլիստներին դաստիարակել ենք, ֆուտբոլային կրթություն ենք տվել, բայց մեկնարկային կազմում ընդգրկվում է 11, իսկ ընդհանուր հայտացուցակում՝ 18 ֆուտբոլիստ։ Այդ իսկ պատճառով նման ակադեմիա և նման քանակի ֆուտբոլիստներ ունենալու պարագայում մենք չենք կարող բոլորին խաղաժամանակ ապահովել։

- Չե՞ք կարծում, որ Հայաստանում երիտասարդներով խաղալը դժվար է, որովհետև գլխավոր թիմի մարզչից արդյունք են պահանջում, իսկ արդյունքն ավելի հեշտ է ապահովել փորձառուներով, քան թե երիտասարդներով։
- Ես համաձայն եմ ձեզ հետ։ Մեր առաջնությանը մասնակցում է ընդամենը 6 ակումբ, բայց դա չի նշանակում, որ այն հեշտ մրցաշար է։ Անգամ հետնապահի հետ խաղում շատ դժվար է միավոր վաստակելը, մարզչի կյանքն էլ հեշտ չէ նրանով, որ նա չի ունենում այնպիսի խաղեր, որոնց ընթացքում կարող է կոպիտ ասած «շունչ քաշել» և փորձարկումներ կատարել։ Մարզչի տեսանկյունից դա հասկանալի է։ Ցանկացած ակումբ 6 մասնակից ունեցող առաջնությունում  խնդիր է ունենում զբաղեցնել առաջին հորիզոնականը, բոլորն էլ մտածում են եվրոգավաթներին մասնակցելու մասին։ «Բանանցն» էլ բացառություն չէ։ Մենք էլ այդ խնդիրն ունենք, ցանկություն ունենք մասնակցելու եվրոգավաթներին, որին նախորդ տարի չէինք մասնակցել։ Մարզիչն էլ ունի իր խնդիրները, որոնք պետք է լուծի։ Բացառությամբ «Փյունիկի», մյուս բոլոր ակումբներում հանդես են գալիս տարեց ֆուտբոլիստներ։ Տարբերությունը հենց դրանում է, մենք մեծ ակադեմիա ունենք, մեզ համար հաճելի չէ այն փաստը, որ երիտասարդները շատ խաղաժամանակ չեն ստանում, բայց նորից ասեմ, որ մենք չենք էլ ուզում, որ դա արհեստական կերպով լինի, թող այդ պահը հասունանա, այլ ոչ թե մենք նրանց արհեստականորեն բարձրացնենք առաջին թիմ, այդպես վարվեցինք, դա արդյունք չտվեց ու բոլորն էլ տեսան դա։ Մենք մեկնելու ենք հերթական ուսումնամարզական հավաքի, մեր երիտասարդ ֆուտբոլիստներից ոմանք կմիանան մեզ այնտեղ, կփորձենք նրանց, կհասկանանք թե ինչ պետք է անենք, որպեսզի նրանք հաջող նախապատրաստական շրջան անցնեն և շատ լավ կլինի, որպեսզի նրանք արդեն ամրապնդվեն արաջին թիմում։

- «Բանանցն» ինչ-որ տեղ դպրոցի ուսուցչի դերում է հայտնվել՝ դաստիարկում է գրեթե բոլորին ու ճանապարհ դնում։ Իսկ մյուս ակումբներում նրանք առաջատարներ են դառնում՝ Արա Խաչատրյանը՝ «Գանձասարում», Պետրոս Ավետիսյանը՝ «Փյունիկում», Անդրանիկ Քոչարյանը՝ «Արարատում»։
- Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման առումով եթե գլոբալ խոսենք, ապա ինչ-որ մակարդակի են հասել միայն «Փյունիկն» ու «Բանանցը»։ Ըստ դրա անկախ ամեն ինչից բոլոր ակումբներում պետք է հայտնվեն այդ երկու ակումբների սաները։ «Բանանցն» ունենալով մեծ քանակի ֆուտբոլիստներ չի կարող բոլորին պահել իր մոտ, քանի որ պրոֆեսիոնալ ընդամենը երկու թիմ ունենք՝ մեկը «Բանանց-2»-ն է, և գլխավոր թիմը։ Եթե ֆուտբոլիստները չեն համալրում այդ թիմերը, ապա գնում են այլ ակումբներ, որոնք էլ նրանց շնորհիվ առաջընթաց են ունենում։ Նրանք նաև ապացուելու բան են ունենում, մտածում են, թե՞ ինչո՞ւ իրենց չընտրեցին «Բանանցում» և պետք է ապացուցեն որ ավելի լավն են։ Դա ընդունված պրակտիկա է։

- Ու կրկնապատկված եռանդով խաղում են ձեր դեմ։
- Դա նորմալ երևույթ է, եթե մենք բոլորին պահելու հնարավորություն ունենայինք, ապա կպահեինք, բայց նման հնարավորություն մենք չունենք։ Երկու թիմերում իրար հետ գումարած կարող ենք ունենալ մոտ 50 ֆուտբոլիստ։ Ի՞նչ անել, եթե ներքևից կան ֆուտբոլիստներ, ովքեր էլի գալիս են։

ԿՏՐՈՒԿ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ

- Հիմա արձակուրդ է, իսկ տոներից հետո «Բանանցը» կվերսկսի մարզումները։ Ինչպե՞ս եք նախապատրաստվելու։
- Հունվարի 10-ից կվերսկսենք մարզումները մեր բազայում, որտեղ արդեն կան անհրաժեշտ բոլոր պայմանները։ Փոքր հավաք կունենանք մեզ մոտ, փետրվարի 8-ից մինչև 22-ը պլանավորել ենք անցկացնել արտասահմանյան հավաք, որը կանցկացնենք Անթալիայում։

- Թիմը համալրողներ կլինե՞ն։
- Փոփոխություններ իհարկե կլինեն, ոչ մի թիմում իդեալական վիճակ չի կարող լինել։ Այո, փոփոխություններ կլինեն, բայց չի սպասվում, որ դրանք շատ կլինեն, ավելի շատ կետային են լինելու, հնարավոր է, որ ինչ-որ խաղային դիրքում որևէ ֆուտբոլիստի փոխարինենք մեկ այլ ֆուտբոլիստով, եթե տեսնենք, որ նա  մտնում է թիմի փիլիսոփայության մեջ և որակապես շատ ավելի լավն է և  դուր է գալիս մարզչին։

- Իսկ թիմից հեռացողներ կլինե՞ն։
- Հնարավոր է, որ լինեն, բայց չեմ կարծում, որ այդ փոփոխությունները շատ կլինեն։ Կան ֆուտբոլիստներ, ովքեր բարձրագույն խմբում շատ խաղաժամանակ չեն ստանում, մենք կփորձենք օգնել իրենց, հնարավոր է, վարձավճարով ինչ-որ մի ակումբի տանք՝ մեզ մոտ վերադառնալու տարբերակով, բայց կտրուկ փոփոխություններ չեն սպասվում։

ՌՈՒՄՅԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՇԱՏ ՄԵԾ ԱՃ ԳՐԱՆՑԵՑ

- Տարին ավարտվում է և բոլորը հիմա փորձում են ամփոփել այն։ Դուք որպես ակումբի ղեկավար, ի՞նչ եք կարծում այս մեկ տարվա ընթացքում «Բանանցում» ո՞վ ամենից մեծ առաջընթացը գրանցեց։
- Եթե խոսելու ենք առաջընթացից, ապա պետք է սկսենք մեր ամենափոքր տարիքային խմբերից։ Այս տարի մենք փոփոխություններ կատարեցինք մեր մանկապատանեկան դպրոցի տարիքային ավելի բարձր թիմերում։ Իրենց տարիքային առաջնություններում նրանք գրեթե միշտ ընթանում էին առաջին հորիզոնականով, բոլորին հաղթում էին խոշոր հաշիվներով, պայքարը նրանց համար քիչ էր, որովհետև մենք ունենք որակյալ շատ ֆուտբոլիստներ, ֆիլտրելով ընտրել էինք լավագույններին, իսկ մյուս ակումբներն էլ զիջում էին մրցակցությունը, դրա համար մենք որոշեցինք այս տարի փորձարկել նոր ձևաչափ։ Պատանեկան 5-6 թիմեր սկսեցին հանդես գալ մեկ տարի բարձր տարիքային խմբի առաջնությունում, մտածում էինք, որ դա կնպաստի նրանց զարգացմանը, քանի որ պայքարն այնտեղ ավելի ուժեղ կլինի և նրանց համար էլ ավելի հեշտ կլինի զարգացնել սեփական որակները, այդ առումով մեկ քայլ դեպի առաջ ենք կատարել, այս տարի մեր ակումբում սկսեց աշխատել Իլշատ Ֆայզուլինը, որը ստանձնեց մանկապատանեկան դպրոցի տնօրենի պաշտոնը, շնորհակալություն մեր բաժնետերերին, ովքեր տարիներ շարունակ ամեն կերպ նպաստում են ակումբի զարգացմանը, ներդնում են իրենց միջոցները, որպեսզի ունենանք ամենակարևորը հաջող սերունդ, որ երեխաները զբաղվեն ֆուտբոլով՝ իրենց սիրած մարզաձևով, մենք էլ ջանք չենք խնայում, որպեսզի ուրախացնենք ու կատարված աշխատանքներով գոհացնենք մեր բաժնետերերին։ Ֆայզուլինը աշխատանքային մեծ փորձ ուներ՝ աշխատել էր Իսպանիայում, ռուսական «Լոկոմոտիվ», «Զենիթ» ակումբներում, այդ առումով էլ փոփոխություններ են նկատվում։ Կա հստակ ծրագիր, որով առաջնորդվում են տարիքային բոլոր թիմերը։ Դրանք առաջին քայլերն էին կարգավորելու մանկապատանեկան բոլոր թիմերի աշխատանքները։ Ինչ վերաբերում է առաջին թիմին, ապա ընդհանուր առմամբ վատ չէ, քանի որ փոփոխություններ կատարեցինք, ասացի, որ կա խաղ, կա ձեռագիր, երևում է, թե ուր պետք է գնանք, դա իհարկե գոհացնում է։ Քիչ աշխատանք չի կատարվել։ Ձեռք են բերվել տարբեր ֆուտբոլիստներ, թե՛ տեղացիներ, թե՛ լեգեոներներ, ովքեր ուժեղացրել են թիմը։ Այս տարի ունեցանք նաև մեկ ֆուտբոլիստ, ով հրավիրվեց ազգային հավաքական, իմ կարծիքով Ռումյան Հովսեփյանը շատ մեծ առաջընթաց գրանցեց։ ՈՒրախացնում է այն, որ դա տեղի է ունեցել Ռումյանի՝ մեր ակումբ տեղափոխվելուց հետո և դա օրինակ է մեր բոլոր ֆուտբոլիստների համար։

- «Բանանցի» ներկայիս կազմում կա՞ն ֆուտբոլիստներ, ովքեր լավ աշխատանքի դեպքում կարող են համալրել ազգային հավաքականը։ Օրինակ՝ Ղուկաս Պողոսյանը մեծ ներուժ ունի։
- Ղուկաս Պողոսյանը ներկա պահին ինձ թվում է, որ դեռ պատրաստ չէ, բայց հավաքականում հայտնվելու պոտենցիալ ունի, դա կապված է նաև իր ելույթներից, թե ինչպես կամրապնդվի «Բանանցում», որքան կխաղա մեկնարկային կազմում։ Տեղացիներից, բացի Ռումյան Հովսեփյանից որևէ մեկին այս պահին առանձնացնել չեմ կարող, բայց նաև կուզեմ նշել Վահագն Այվազյանին, ով «Բանանցում» խաղաց գրեթե ամենուրեք, հիմա արդեն գործում է եզրային պաշտպանի դիրքում, խաղում է հստակ, կայուն, թիմի ավագն է Ստեփան Ղազարյոնի բացակայության դեպքում, նրա պարագայում էլ մեծ առաջընթաց է նկատվում։ Հավաքականում այդ դիրքում խաղում է Հովհաննես Համբարձումյանը, ով նույնպես «Բանանցի» սան է, չեմ կարող նեևկա պահին համեմատել  նրա հետ, բայց Այվազյանը հավաքականում հայտնվելու պոտենցիալ ունի, նա մեծ աշխատանք է տանում, լրջորեն օգնում է մեր թիմին։ Այս հատվածում ես նրան կառանձնացնեմ, որովհետև աճ եմ նկատել։ Ռումյան Հովսեփյան, Վահագն Այվազյան, ինչ-որ տեղ Ղուկաս Պողոսյան։ Մենք էլի ունենք լավ ֆուտբոլիստներ, բայց նրանք որոշ խնդիրների պատճառով, հատկապես վնասվածքների, չեն կարողանում մինչև վերջ ցույց տալ իրենց, տա Աստված այս տարի վնասվածքները չխանգարեն և նրանք կարողանան լավագույնս դրսևորեն իրենց։ Ունենք ֆուտբոլիստներ, ովքեր երիտասարդական հավաքականում են խաղում և օգնում են, թե՛ մեզ, թե՛ հավաքականին։ Նրանք դեռ պետք է ցույց տան իրենց երիտասարդական հավաքականում, որպեսզի խոսենք արդեն ազգայինի մասին։

- Ընդհանուր առաջնության մասշտաբով ովքե՞ր էին լավագույնները ձեր կարծիքով։
- Սկսեմ «Բանանցից», ես միանշանակ կառանձնացնեմ Ռումյան Հովսեփյանին, «Գանձասարում» և «Ալաշկերտում» էլ կան մեծ քանակով լավ ֆուտբոլիստներ, ովքեր հիմա ընդգրկվում են ազգային հավաքական, «Փյունիկում» էլ կան լավ ու հեռանկարային ֆուտբոլիստներ։ Կոնկրետ անուններ չեմ նշի, այդ մասին կծանոթանաք այն ժամանակ, երբ կներկայացնեմ լավագույն ֆուտբոլիստի քվեարկության իմ տարբերակը (ժպտում է)։

Վերջում կցանկանայի շնորհավորել բոլոր ֆուտբոլասեր երկրպագուներին և ֆուտբոլ գաղափարի շուրջ հավաքված մարդկանց Ամանորը՝ մաղթելով, քաջ առողջություն, ուրախություն և երջանկություն: Խաղաղություն և սեր Ձեր ընտանիքներին: