Ստեղծվեց «հպարտ արծիվ»` «Բանանց» անունով


old_team.jpg

Բանանց ֆուտբոլային ակումբը հիմնադրել է 1992 թվականի հունվարի 20-ին` ներկայացնելով Կոտայքի մարզը: «Բանանցն» անվանակոչվել հիմնադրի` Սարգիս Իսրաելյանի հարազատ գյուղի անունով:

Առաջին մրցաշրջանում թիմը նվաճել է Հայաստանի գավաթը, իսկ առաջնությունում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը:

1995 թվականից Բանանցը դուրս է եկել Հայաստանի առաջնությունից, սակայն ակումբը վերածնունդ է ապրել 2001 թվականից:

2005 թվականին «Բանանց» ֆուտբոլային ակումբը ունեցավ իր մարզաբազան: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Էդուարդ Գրիգորյանի անվան ֆուտբոլի հանրապետական մարզադպրոցը իր ամբողջ տարածքով ու խաղադաշտերով վարձավճարով տրամադրեց «Բանանց» ֆուտբոլային ակումբին:

2007 թվականին «Բանանցն» իր պատմության ընթացքում երկրորդ անգամ է նվաճել Հայաստանի գավաթը՝ եզրափակիչ խաղում 3-1 հաշվով առավելության հասնելով «Արարատի» նկատմամբ:

2013/14 մրցաշրջանում Բանանցն առաջին անգամ արժանացավ Հայատանի չեմպիոնի տիտղոսին: Մրցաշրջանի 28 տուրերում Բանանցը վաստակեց 50 միավոր և երեք միավորով գերազանցեց մոտակա հետապնդող թիմերին:

1992, 2007 և 2015/16 մրցաշրջաններում «Բանանցը» դարձել է Հայաստանի գավաթակիր, իսկ 2014 թվականին նվաճել է Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը:

Բանանցը բազմիցս Հայաստանը ներկայացրել է եվրագավաթներում և ֆուտբոլիստներ է ունեցել Հայաստանի հավաքականներում: 

«Բանանցը»  ՀՀ  առաջնություններում

2013/14թթ. Հայաստանի չեմպիոն, 2003, 2006, 2007, 2010թթ. առաջնությունների արծաթե մրցանակակիր, 1992, 1993, 2002, 2004, 2005թթ. բրոնզե մեդալակիր:

ՀՀ բարձրագույն խմբի առաջնություններին մասնակցում է 1992թ. (բացառությամբ` 1995-2000թթ.):

Ամենախոշոր հաշվով հաղթանակները`

    13:1 (1993թ.` «Քասախ»):

    12:0 (1992թ.` «Կիլիկիա»):

Ամենախոշոր հաշվով պարտությունը` 1:8 (1994թ.` ՀՄԸՄ):

Թիմի կազմում բոլորից շատ խաղ է անցկացրել Սամվել Մելքոնյանը` 172:

Լավագույն ռմբարկուն Արամ Հակոբյանն է` 62 գոլ:

Մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդը պատկանում է Արա Հակոբյանին՝  45 գոլ (2003թ.):