Ո՞ր տեղը կզբաղեցնի «Բանանցը» 2018/19 մրցաշրջանի Հայաստանի առաջնությունում:

Արամ Ոսկանյան. «Ոչ մի խաղ հնարավոր չէ հեշտությամբ հաղթել»

«Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը հետևյալն է ասել 2018/19 մրցաշրջանի մեկնարկային տուրի «Շիրակի» դեմ խաղից հետո.

- Համառոտ այսպես կարելի է խաղը նկարագրել: Մեծ առավելություն ունեինք, բազմաթիվ գոլային պահեր, բայց չկարողացանք հաղթել: Ուրախացրեց միայն այն, որ մեր դարպասն անառիկ պահեցինք: Այսօրվա խաղում ուրախալին միայն դա էր:

- Թվում էր, թե այս «Շիրակին» «Բանանցը» պետք է կարողանա հեշտությամբ հաղթել: Ի՞նչն էր պատճառը, որ չստացվեց:
- Հեշտությամբ Հայաստանում ոչ մի խաղ էլ հնարավոր չէ հաղթել: Իրականում չգիտեմ, իրենք մարզվել են թե ոչ, բայց որքանով, որ տեղյակ եմ, վերջերս են սկսել մարզումները: Հայաստանում դեռևս չկան այն կարգի թիմեր, այն կարգի խաղակցվածություն, որ կարողանան հեշտությամբ մրցակցին 4-5 գոլ խփել: Մենք հասկանում էինք, որ «Շիրակը» պետք է բավական ագրեսիվ խաղար և պետք է մեզ խորքից դիմավորեր, ինչը և խաղը ցույց տվեց: Բավական լավ էին միանում մեր եզրային պաշտպանները գրոհներին, սակայն վերջին փոխանցումն արդեն անհատական որակի հարց է: Դա շատ դժվար է, երբ պաշտպանները խիտ են դասավորված մրցակցի տուգանային հրապարակում: Իմ կարծիով, ոչ մեկի համար հեշտ չի լինելու հաղթել մյուսին: Հաստատ մեծ տարբերություն չի լինելու:

- Այսօր խաղաց նոր կենտրոնական հարձակվող Նաթանիել Ասամոան: Արդյոք նա է հենց այն հարձակվողը, որին այդքան երկար փնտրում էիք:
- Նաթանիելը բավական բարձրակարգ հարձակվող է, պարզապես դեռ չի հարմարվել: Բացի այդ մեզ միանալուց առաջ մոտ 1.5 ամիս անընդհատ վիզայի խնդիրներ ուներ: Բայց նա մեծ սրություն է մտցնում և ունի արագություն: Կարծում եմ՝ ժամանակի հարց է նրա հաջող խաղը: Կարծում եմ՝ հենց այն ֆուտբոլիստն է, որին փնտրում էինք, իհարկե, ելնելով մեր հնարավորության սահմաններից:

- Ինչո՞վ էր պայմանավորված Կուասի Սիբոյի բացակայությունը:
- Այսօր շատ-շատ զգացվեց Սիբոյի բացակայությունը: Նա ընտանեկան խնդիրներ ունի և մեզ խնդրեց, որպեսզի թույլ տանք մի քանի օրով գնա իր երկիր: Որքանով տեղյակ եմ, հայրն առողջական խնդիրներ ունի: Բացակայությունը կապված է դրա հետ:

- «Բանանցն» այս կազմով կարո՞ղ է պայքարել չեմպիոնության համար:
- Ներկայիս կազմո՞վ... ոչ: Լավագույն դեպքում կարող ենք հայտնվել եռյակում: Ես լավ հասկանում և գնահատում եմ մեր ուժը, բայց մինչև օգոստոսի 31-ը մեզ կմիանան երկու կամ երեք լավ որակի ֆուտբոլիստներ, որոնց կարիքը մենք զգում ենք:

- Ռումյան Հովսեփյան, Նորայր Գյոզալյան, Ալեքսանդր Ջոկովիչ, Օգնեն Կրասիչ... այս ֆուտբոլիստները նախորդ մրցաշրջանում «Բանանցի»  հիմնական ուժն էին կազմում: Արդյո՞ք «Բանանցը» կունենա համարժեք կամ ավելի ուժեղ ֆուտբոլիստներ նրանց փոխարեն:
- Նաև Լեսթեր Պելտիերը... Իհարկե, այդ ուղղությամբ աշխատում ենք:  Դա բավական բարդ է: Շատ դժվար է լավ որակներ ունեցող ֆուտբոլիստի հրավիրել մեր երկիր: Իրենք Հայաստանը դիտարկում են որպես վերջին հնարավորություն: Ակումբը հիմա մեծ աշխատանքներ է կատարում այդ ուղղությամբ: Բայց Ձեր նշած ֆուտբոլիստների մոտ խաղակցվածությունն ավելի մեծ էր և հիմա էլ ավելի շատ օգուտ կարող էին տալ: Բայց սա ֆուտբոլ է, յուրաքանչյուրն ունի իր խնդիրներն ու պահանջները, իսկ ակումբն էլ ունի իր պահանջները:

- Նշեցիք, որ երկու-երեք նորեկ կարող է լինել: Հնարավո՞ր է ասեք՝ որ դիրքերի համար:
- Պաշտպանության և կիսապաշտպանության կենտրոնում:

- Այսօր Արամ Հայրապետյանը բացակայում էր հայտացուցակից: Հասկանալի է, որ թիմում մրցակցություն կա, սակայն Հայրապետյանը վերջին շրջանում հավաքականի հիմնական դարպասապահն էր: Միգուցե հավաքականի շահերը հաշվի առնելով նրան խաղաժամանակ տրվե՞ր:
- Ես բացեմ դարպասապահների հետ կապված մեր գաղտնիքը: Հիմնական դարպասապահից բացի, անկախ նրանից, թե դա կլինի Ստեփան Ղազարյանը, Անատոլի Այվազովը, թե Արամ Հայրապետյանը, մյուս երկուսը հերթով կլինեն պահեստայինների նստարանին: Այնպես որ, մյուս խաղում կլինի Արամ Հայրապետյանը: