ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ

Ռումյան Հովսեփյան

best_player best_player
Տարիք 25
Գոլ 5

Նորայր Գյոզալյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 4

Արամ Ոսկանյան. «Ուրախ եմ, որ հաղթողի հոգեբանությունը կա տղաների մեջ»  

«Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը Հայաստանի առաջնության 15-րդ տուրի «Արարատի» դեմ խաղից հետո պատասխանել է լրագրողների հարցերին.

- Այս տարվա ավանդույթը չենք խախտում, կրկին ինտրիգային խաղ ենք խաղում, որը երկրպագուի համար շատ հաճելի է: Բայց մարզչի համար սա շատ վտանգավոր է, քանի որ շատ նյարդային խաղ ստացվեց: Ամեն դեպքում տղաները նորից կամային մեծ հատկանիշներ դրսևորեցին: Խաղասկզբում ունեինք իրական պահ, երբ մենք պետք է 11 մետրանոցից բացեինք հաշիվը, բայց տեղի ունեցավ հակառակը, գոլ բաց թողեցինք և ամբողջ խաղի ընթացքում հետապնդողի դերում էինք: Հետո հավասարեցրինք հաշիվը, երկրորդ կեսում կրկին Ռումյան Հովսեփյանն առաջ մղեց մեզ: Վերջում մի քիչ նյարդայնացած վիճակ էր, փոփոխություններ կատարեցինք, ավելի լարված վերջաբան ստացվեց: Խաղավերջում գոլ բաց թողնելուց հետո տղաները նորից առաջ նետվեցին: Շատ ուրախ եմ, որ հաղթողի հոգեբանությունը կա տղաների մեջ: Նրանք ամեն գնով ուզում են գոլ խփել ու հաղթեցինք:
Տարվա վերջին խաղն էր: Եթե շաբաթական ցիկլի ժամանակ խաղն ընդամենը մեկ շաբաթ են հիշում, ապա այս դեպքում, եթե հաջող արդյունք չգրանցեինք, պետք է երեք ամիս անընդհատ մտածեինք, Բայց հիմա, փառք Աստծո, երեք միավոր ունենք, կգնանք հանգստի և հունվարից կսկսենք պատրաստվել երկրորդ շրջանին:

- Վերջին 11 մետրանոցի ժամանակ ու՞մ նկատմամբ խախտեցին կանոնները:
- Նորից Ռումյան Հովսեփյանն էր: Նա ուզում էր գլխով հարվածել և շատ նման կլիներ իր երկրորդ գոլին, եթե թողնեին, որ հարվածեր:

- Վերջնամասում բավական զայրացած տեսք ունեինք: Ի՞նչն էր պատճառը:
- Փոփոխություն էինք կատարել, խաղադաշտ էր մտել արագաշարժ Ջոկովիչը և ընդամենը մեկ փոխանցում էր պետք կատարել, սակայն նա այնքան արագ է, որ չէինք հասցնում փոխանցում կատարել: Այդ դեպքում կարող էինք հաշվի մեջ առաջ անցնել ու ավելի հանգիստ վերջաբան ունենալ: Ամեն միավորի գինը թանկ է, առավել ևս, երբ շատ խիտ ընթանում են երկրորդ, երրորդ և չորրորդ տեղերը: Դրա համար էլ նյարդայնացա, դա նորմալ երևույթ է, առավել ևս, որ գոլ բաց թողեցինք վերջին րոպեին: Եթե մտածված էր այդպես հարվածում «Արարատի» ֆուտբոլիստը, ուրեմն շատ լավ գոլ խփեց:

- Ճի՞շտ էր ամռանը Արամ Քոչարյանից հրաժարվելը, հաշվի առնելով այն առաջընթացը, որը կա նրա խաղում «Արարատում» և երիտասարդական հավաքականում:
- Եթե այդ քայլը չանեինք, նա այդ առաջընթացը չէր ունենա: Խաղային պրակտիկա է պետք: Մի քանի ֆուտբոլիստներ էլ կան, որոնց վարձավճարով տվել ենք այլ ակումբի: Նորմալ է, նրանք պետք է խաղային պրակտիկա ստանան: Երիտասարդ լինելով, հիմա միգուցե չի կարող մրցակցել այն լեգեոներների հետ, որոնց ձեռք ենք բերել, բայց խաղալով, հնարավոր է, ինչու չէ: Սա ֆուտբոլում նորմալ պրակտիկա է:

- Ձմռան անելիքների հետ կապված կա՞ հստակություն:
- Այո, ունենք հստակ պլաններ, հավաքվելու ենք հունվարի 11-ից: Ամսի 22-ից մինչև փետրվարի 3-ը երկշաբաթյա հավաք կանցկացնենք մեր բազայում, որը կեզրափակենք ընկերական խաղով: Երկրորդ փուլում նախատեսված է արտասահմանյան հավաք՝ փետրվարի 8-ից 22-ը, որտեղ կունենանք չորս ստուգողական խաղ, մրցակիցների մասին կտեղեկացեք հետագայում: